38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հիշենք մեր պապերի սխրանքները, հիշենք նրանց անուն առ անուն (հիշողությունը կորցրած ժողովուրդը երբեք հաղթանակներ չի կարող ունենա)

Հիշենք մեր պապերի սխրանքները, հիշենք նրանց անուն առ անուն  (հիշողությունը կորցրած ժողովուրդը երբեք հաղթանակներ չի կարող ունենա)
09.05.2023 | 21:12

Պապս` ԱՐՏԵՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ եղել է Առաջին աշխարհամարտի ու Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Պապս, ոչինչ չէր պատմում պատերազմների մասին, չնայած տատս հաճախ էր խնդրում` «Պատմի, թող թոռներդ իմանան, թե ինչերի միջով է անցել իրենց հերոս պապը, ինչ շքանշաններով է պարգևատրվել»:

Տատս դանդաղ բացում էր թաշկինակը, հանում խնամքով պահված իր «գանձերը»` պապիս շքանշաններն ու մեդալները, ու մեկ-մեկ թվարկում անունները:

Չնայած ամուսինը վերադարձել էր ոտքից վիրավոր, բայց հպարտ էր, որ եկել էր Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած, մի քանի մեդալ-շքանշաններով կուրծքը զարդարած...

Տատս ոգևորում էր ամուսնուն, խնդրում` պատերազմից դրվագներ պատմել թոռներին: Բայց շատ բան տեսած, դառնությունների միջով անցած պապս լռում էր. «Է՜, ինչ մի լավ բան եմ տեսել, որ երեխեքիս պատմեմ: Պատերազմը պատմելու բան չէ՜»,- ասում էր պապս` ծանր հոգոց հանելով: Շատ էր ափսոսում, որ ոտքից վիրավորվելու պատճառով Հայկական դիվիզիաների հետ չէր հասել Բեռլին:

Կարսեցի պապս իր ծոցագրպանից այդպես էլ երբեք չհանեց Կարսի իր տան բանալիները. հավատում էր` «հետ ենք գնալու, բալա, դեռ վերադառանալու ենք Կարս»:

Հորեղբայրս` հրամանատար ՍՈՒՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ:

Զոհվել է Ստալինգրադի ճակատամարտում: Աճյունն ամփոփված է «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների» համալիրում ` Մամաև կուրգանի եղբայրական գերեզմանոցում:

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող էր, պատերազմ էին տարել հենց լսարանից, անգամ չէր հասցրել հրաժեշտ տալ ծնողներին:

Տատս, որ ամբողջ կյանքում տառապեց որդու կորստի կսկիծից, նաև հպարտ էր իր հերոս որդով. արցունքների միջից մեկ էլ ժպտում էր, երբ սկսում էր խոսել Սուրենի մասին. «Սուրենս կուրսի գերազանցիկն էր, դրա համար նրան միանգամից հրամանատար էին նշանակել: Ընկերներն ասում են, Սուրենս սովորական մահով չի մահացել, իր վրա է ընդունել գրոհն ու զոհվել` պաշտպանելով իր զինվորներին»:

Հիշենք մեր պապերի սխրանքները, հիշենք նրանց անուն առ անուն: Հիշողությունը կորցրած ժողովուրդը երբեք հաղթանակներ չի կարող ունենալ:

Փառք ու Պատիվ ձեզ մեր անմահ պապեր, խոնարհումս ձեր անմահ հիշատակին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3530

Մեկնաբանություններ